|
July 14, 2010 09:49 AM PDT
http://yavalia.podomatic.com/
Audio Poem Readings, Excerpts From The Books Listed Below:... See More
ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՎ - The Road of The Sun
ՀՈԼՈՎՈՅԹ - Evolution
ԱՐԵՒԱՔԱՐ - Oval
ՍՈՒՐ ԵՒ ՍՏՒԵՐ - Sword And Shadow
ԲՈՀԵՄԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ - Bohemian Diary
ՄԵՂՔԻ ՎԱՐԴԵՐ - Roses of Sin
ՆՈՐ ՆԵՄԵԶԻԴԱ - New Nemesis
ՅՈՎՀԱՆՆՈՒ - 14 - John, Verse 14
ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ - Mirage
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ - Leave of No Return
ՏԱՆԳՕ 21, Սիրային Էջեր - Tango 21, Love Leafs
ՍԽՐԱՏԵՍԻԼ - Bold
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ - Mask And Mirror
ԱՅՍ ԱՉՔԵՐԸ - These Eyes
http://yavalia2.podomatic.com/
Almost All Poems In Books Below Been Read:
ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ - Mirage
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ - Leave of No Return
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ - Mask And Mirror
http://yavalia3.podomatic.com/
Almost Complete Book Been Read:
ԱՅՍ ԱՉՔԵՐԸ - These Eyes
July 10, 2010 07:05 AM PDT
ՍԿԶԲՈՒՄ ԷՐ... ԹԱԼԻՍՄԱՆ
Եօթնալար քնար Լ.ին
1- ԾՆՆԴՈՑ
Դու պտուղն էիր առաջին՝ Աստծոյ,
Այն դաշն Աստծոյ,
Որ խօլ քաոսի,
Խենթ տարերքի մէջ
Սուզեց իր կայտառ առնականութեան,
Արդար գոյութեան
Նիզակը հրոյ,
Սլաքը սիրոյ.
Սէրը յարդարեց ու համաչափեց
Մձաւանջը հիր,
Այնտեղ դնելով իր սերմերը բիլ,
Դրանք ծծելով
Կորիզներ կարմիր,
Դարձան այն լոյսը մանիշակագոյն,
Որ խտանալով,
միգամածութեամբ,
Դարձաւ աստղաբոյլ,
Ապա ճառագայթ,
Ճառագայթը՝ թուր.
թուրը վարդաջուր,
Վարդաջուրը՝ վարդ,
Վարդը ծառ,
Ծառը՝ եդեմ ու դրախտ,
Իսկ դու՝ պտուղ վառ
Դրախտի ծառի կատարին պայծառ...
Դու ժպտում էիր
Արեւների դէմ,
Ստւերների դէմ,
Դու ժպտում էիր
Երազով անծայր,
Մաքուր ու արդար,
Իսկ երբ քեզ դիպան
Առաջին կնոջ
Մատները դալար,
Դու ստացար բոյր,
Դու ստացար թոյր,
Դու հազար մշուշ,
Կարմիր ծիրանի,
Ոսկեղէն շուրջառ։
Երկու հիր թիթեռ
Քեզ դարձան ժիր թեւ,
Ու դու սահեցիր
Իբր հասուն պտուղ,
Դու սարսռացիր
Իբր կաթող պտուկ
Ու մինչ հասնէիր հողին փուխր ու տաք՝
Հասակ նետեցիր, դարձար հրեշտակ։
Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Գեղեցիկ էիր
ու յաղթահասա՜կ ...
2- ԵԴԵՄՈՒՄ
Թափառում էիր օրերով երկար
Դրախտի մաքուր կածաններում վառ.
Տեսնում էիր լուրթ լճեր ակաթէ,
Ուր մուգ լեղակը զմրուխտ էր հագել.
Տեսնում էիր ցուրտ
Խճեր ապակէ,
Ուր լոյսը իր հուր
Սլաքն էր բեկել,
Տեսնում էիր մութ
Գագաթներ հարուստ,
Ուր արփին
Բոսոր ցոլք էր արձակել,
Տեսնում էիր թուխ նուռը արնահունց,
Որ արփու դիմաց իր սիրտն էր ճեղքել,
Տեսնում էիր լոյս,
Տեսնում մարգ ու բոյս,
Հանդարտւում էիր
Ու հարստանում՝ հոգով ի վերուստ։
Դու պտուղն էիր առաջին Աստծոյ.
Դու մաքուր էիր,
Անապակ էիր.
Դու սնւում էիր ոգեղէն հացով,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՛կ էիր ...
* * *
Եդեմից ելար,
Քայլեցիր ազատ
Տիգրիս ու Եփրատ
գետերի հովտով,
Վերացար հոտով
Պարտիզակների ծաղկեփունջերի,
Վերացար տեսքով
Այն լոյս կոյսերի,
Որ արշալոյսի լուրթ մշուշների
Շղարշի ներքոյ,
Արեւագալի հեթանոս երգով,
Օծանւում էին ջրերի կայտառ
ու լուրթ ալիքով։
O, նրանք ճեմում ու խայտում էին,
Նրանք յարդարւում ու կայթում էին,
Նրանք քրքջում, կատակում էին
Ու վարգում էին
Գետերի պայծառ, անծայր եզերքով...
Դու ինչ որ շնչից
Խիստ վախում էիր,
Ինչ որ կախարդւում,
Աւաղո՜ւմ էիր,
Դու գաղտագողի
Աչք էիր ածում,
Առնականանում... Նւաղում էիր...
Թարմանում էիր,
Վերանում էիր,
Համրանում էիր,
Լուռ ձայնում էիր,
Յայտնւում էիր,
Թաքնւում էիր,
Քամիների դէմ... Քարանում էիր...
3- ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նրանցից մէկի
Հայեացքն էր պայծառ,
Նրանցից մէկի
Ժպիտըն էր չար,
Նրանցից մէկը ձիգ էր իբրեւ ծառ,
Միւսը՝ հանքից նոր պեղւած մարմար։
Մէկի լանջն էր արեգակ արդար,
Միւսի ոտքը
Կաթնաթոյր տեսիլ,
Մէկի վարսն էր
Կախարդական լար,
Մէկի իրանը
Բամբիռ ու փանդիռ...
Դու նայում էիր, հիանում էիր,
Սակայն գանգիդ մէջ
Ժխոր կար ահի,
Դու նայում էիր, վերանում էիր,
Սակայն ահիդ մէջ
Ստւեր կար մահի...
Սաւառնում էին սեւ ուրւականներ
Ու բերում նաշը քո նախնիների,
Թափառում էին բութ հարցականներ,
Որոնում տուտը
Պատասխանների...
Չէ՞ որ զարմ էիր դու տաք արիւնի,
Չէ՞ որ զարմն էիր այն գորշ գարունի,
Որ արեւի տեղ կարկուտն էր ծեծել,
Որ աւիւնի տեղ
Սառոյցն էր ծծել անհեթեթ ձիւնի,
Դու ծնունդ էիր մորթւած մի լոյսի,
Յօշոտւած յոյսի,
Օ, լսիր, լսիր,
Օ, յիշիր, յիշիր՝
Դու ծնունդն էիր Արեան քաոսի...։
.........................................................
.........................................................
.........................................................
... Նրանցից մէկի շուրթը շատ էր նուրբ,
Միւսի աչքը ճառագայթ էր լուրթ.
Պտուկը մէկի
Արիւնախանձ նուռ,
Մէկի ձեռքերը
Տատրակ ձիւնաթոյր,
Մէկի ծիծաղը աւետում էր կեանք,
Մէկի իրանը՝ ոսկիների հանք.
Մէկի մէջքն ի վար ջրվէժ էր լուսէ,
Մէկի բումբերը՝ բարձիկ մետաքսէ,
Մէկի վզի շուրջ վառւում էր ժպիտ,
Մէկի պորտի շուրջ՝ կապոյտ մարգարիտ,
Միայն դու էիր թափառ ու անձուկ,
Միայն դու էիր թէ՛ ջահ, եւ թէ՛ շուք...
4- ԹԱԼԻՍՄԱՆ
Նրանցից մէկին
Սրտանց կապւեցիր,
Նրա կէզ սիրով
Անապատւեցիր.
Ողջը լաւն էին,
Ողջին սիրեցիր,
Սակայն այս մէկի
Սիրոյց պարտւեցիր։
Օրեր, ամիսներ խենթ թափառեցիր,
Սրտիդ հնոցում բոցեր պարեցին,
Սակայն երբ եկաւ մերժումը դժնի՝
Յոյսիդ արմատը հատեց սուր կացին։
Կրկին երազի սերմեր ցանեցիր,
Կասկածի որդը
Սրտից վանեցիր,
Սակայն երբ եկաւ մերժում կրկնակի՝
Յոյսիդ գաւաթը ջարդւեց յատակին։
... Ապա մօտեցաւ
Սիրատենչ մի կին՝
Տարփալից մի ջին.
Ապաւինեցիր
Նրա տաք գրկին,
Սակայն երբ եկաւ պահը ընտրանքի՝
Կրկին համբառնեց
Նայադը նախկին...
Կինը համրացաւ,
Իջաւ աղօթքի.
Ջինը զայրացաւ
Եւ ապաւինեց՝
Յուռութ-անէծքի.
Կինը աղօթեց,
Ջինը անիծեց
Եւ բախտդ նետեց
Բոցի լեզւակին՝
Օձի ուլունքին։
Խանդեց, աղօթեց,
Ձեռները կրծքին.
- Տէր, հրեշտակդ
Գոռոզ է անչափ։
Խանձւեց, անիծեց,
Կրծքերը՝ ձեռքին.
- Ձարկւի՛, փոթորկեի՛,
Բայց չհասնի ափ։
* * *
Քո միակ մեղքը
Սէր էր մի անչափ,
Ու նրա մեղքը
Սէր էր մի անափ.
Նոյն ճախարակն էր
Եւ ուրիշ ոչինչ.
«Ես քեզ եմ սիրում,
Իսկ դու՝ ուրիշին...»։
Սակայն նա, որին
Դո՛ւ էիր բաղձում
Ողջ գանձը հոգուդ
Համարեց փոշի.
Մի օր արթնացար.-
Մեկնել էր ընդմիշտ,
Քո... Այգեպանի
Որդու հետ լպիրշ...։
5- ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄ
... Եւ այնուհետեւ դու դաժանացար,
Եւ այնուհետեւ նաեւ չարացար,
Նախ հասակով մէկ
Կարգին կարճացար,
Ապա լայնքով մէկ՝
Կլոր՝ ուռճացար։
Փորդ նմանեց
Գոմէշի տիկի,
Քամակդ՝ պարկի,
Ճաղատդ՝ կապկի։
Քթածակերդ առին միայն հոտ
Ճարպոտ եղունգի,
ճենճերոտ թոքի...
Ակնախոռոչիդ
Ճպուռ կուտակւեց,
Շրթիդ անկիւնին՝ փրփուրը թուքի։
Ակօսի փոխան
«Սեւ փոս» փորեցիր,
«Երգեր»-ի փոխան
«Մեղքեր» գրեցիր,
Ներկի փոխարէն
Վէրք տրորեցիր,
Ճենճերի փոխան՝
Ճանճեր շամփրեցիր...
Ծաղիկդ թողած՝ փշեր շոյեցիր,
Շաղիկիդ վրայ շանթեր շողացրիր,
Շւաքը թողած՝ լոյսում հանւեցիր,
Ճաշիդ փոխարէն-կաշիդ ծամեցիր։
Ծամի փոխարէն՝ ծարիր սիրեցիր,
Սրտի փոխարէն
Պորտին փարւեցիր,
Կնճիռների մէջ
վաստակի տեղակ,
յարգանքի տեղակ,
Նշմարեցիր լոկ... քացախի առւակ.
Պարանի նման
Պառաւ խաղացրիր,
Կիրքը այրեցիր,
Կոնքը դաղեցիր,
Նարգիզը արիր խիստ ցաք ու ցրիւ,
Հոտին թանկ տւիր, բոյրն առար ձրի։
Չը երջանկացար վեհ ունեցածով,
Աչքդ դուրս մնաց
Ուրիշի ցածով.
Դժոխքը հապա
Կը լինի ինչպէ՞ս–
Դու ժանգառ կուտես,
Ժանգը կուտի քեզ...
Պայթում ես, քանզի
Պահեստն ես ամբողջ
Աշխարհի արաց
արած մեղքերի.
Մինչ ուրիշները
Քայլում են առողջ՝
Դու ես շնչում թաւ,
Դեղնախաւ փոշին նրանց ոտքերի...։
6- ՁՈՒԼՈՒՄԱԹ
Աղմուկ ես լսում
Երազներիդ մէջ,
Որդեր են վազում
Աւազներիդ մէջ,
Մի գաւաթ գինիդ
Կիսով դառնում սեւ,
Միւս կէսն՝ արիւն
Սեւ մազերիդ մէջ։
Մաշկիցդ ելնում է
Կծու գոլորշի,
Իւղած վարսերիդ
Թառում է փոշի.
Հաճոյքիդ պահին
Ձգում հրմշտոց,
Հեշտանքիդ պահին՝
Խանգարող փքոց,
Ծաղկէ մահիճում
Առնում ես գէշ բոյր,
Ծանծաղ ճահիճում՝
Կորուսեալ խաչբուռ,
Շիկահեր արտում՝
Թաղման սեւ թափօր,
Թափուր գաւաթում՝
Ձկան թեփ, փետուր...
Դիմակի տակում
Կիսաբաց աչք կոյր,
Կոպի արանքում՝
Դռնակ, վարագոյր։
Ոտքերդ գալար
Վիշապներ են թեք,
Գանգդ միզանօթ,
Մաշկդ՝ դեղին թեփ։
Ընդմիշտ զգում ես
Մի ներքին շոգ-տօթ,
Ողբանքում՝ հեգնանք,
Քրքիջում՝ սեւ բօթ...
Դժոխքը հապա
Կը լինի ինչպե՞ս,
Դու ժանգառ կուտես,
Ժանգը կուտի քեզ...։
7- ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ
Պատժւեցիր դու
Ոչ թէ սիգալու,
Գոռոզանալու,
Այլեւ երկուսին,
Այլեւ երեքին...
Միաժամանա՛կ չօգտագործելու
յանցանքով մթին,
յանցանքով խրթին։
Դու՝ պտուղն էիր Աստծոյ՝ առաջին,
Դու մաքուր էիր,
Անապակ էիր,
Քեզ կերպափոխեց
Թալիսման ու Կին,
Դու մատուռ էիր,
Հրեշտա՜կ էիր...
18-22.10.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 06:54 AM PDT
ԲՈՂՈՔ
Եղերական, է պատմութիւնը մեր,
Ինչպէս դիմակը մի բռնակալի։
Գիոմ Ապոլիներ
Գրչեղբայրներիս
Այսքան տւինք ու առանք,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ,
Դժւար բերինք, յետ տարանք,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Կեանքում եղանք երազող, կեանքին մեծ գին տւեցինք,
Իսկ երազը արժեց թանկ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Մարդուն յարգանք մատուցինք, իսկ մարդը չար ու խարդախ,
Մնաց՝ վարազ մի վայրագ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Սիրեցինք բո՜ւռն, անկապա՜նք, ատեցինք թո՛ւնդ, կատաղի՛,
Զգացումը՝ թէժ կրակ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Կորցրեցինք հող ու երկիր, տւինք արեան ովկիանոս,
Չարը մնաց անխորտակ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Դրեցինք այլ տուն - երդիկ, որ երերաց շարունակ,
Մեր բախտը մի ծակ նաւակ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Դրեցինք արտ ու պարտէզ, ցանեցինք սիրտ ու հոգի,
Ածուն ծեծեց շանթ - կայծակ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
Երկնեցինք երգ ու քերթւած, արինք բողոք իմաստուն,
Երգը չարժեց մի քսակ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
....................................................
....................................................
Վաղը անձրեւ կը լինի, կիջնի խաւարն անյատակ,
... Մենք կը դառնանք յիշատա՜կ,– ինչի՞ համար եւ ինչո՞ւ։
29.9.04
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 06:41 AM PDT
ՅԱՒԵՐԺԱՇՈՂ ՅԻՇԱՏԱԿ
Մօրս մահազդ-ը թերթից կտրում եմ հէնց այն մկրատով,
Որով տնեցիք կտրում են լաւաշ՝ բոյրով հոգեթով։
Դեղնել է թերթը ու փշրւում է... նշխարքի՜ նման,
Հոգիս լեցւում է՝ օրհնութեամբ, լոյսով, թախծով անսահման։
Չէ՞ որ մայրենին թոթովել եմ ջերմ շնչով մայրիկի,
Ու հիմա նրա շունչը վառ փունջ է տառերում թերթի։
Նրա աճիւնը հիմա ննջում է ստւերում՝ հողում,
Հոգին շնչում է հոգուս հայերէնի յաւիտեան շողում։
Ու մինչ հայօրէն երկնելու եմ ես երգ, էպոս ու տաղ՝
Կապրի՛ մայրիկիս եաթաղան տեսած յիշատակն արդար։
Դրա համար էլ թերթը բուրում է լաւաշի՜ նման,
Սրտիս ու հոգուս գաւաթը լեցնում նշխարքով վառման։
20.03.03
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 04:49 AM PDT
ՄԻՆՉԵՒ ՉԵՄ ԴԱՌԵԼ...
Մինչեւ չեմ դառել՝ խոտ, սէզ ու փոշի,
Մի քիչ սէր երգեմ, կարօտ ու թախիծ,
Մի քիչ լոյս երգեմ, որ լոյսն ինձ յիշի,
Որ մութը մի քիչ խուսափի ինձնից։
Երգեմ բողոքը որբացած Լեռան,
Որին սեւ շղթան կալանեց՝ գերի.
Երգեմ կարօտը հեռաւոր իմ տան,
Որ թողի եզրում կեանքի ու մահի...
Երգեմ տաք սիրտը հին ընկերներիս,
Որոնց չհասցրի հրաժեշտ ասել.
Հարազատ տեսքը անգին գրքերիս,
Որոնք երկար են սնարս օծել...
Երգեմ օրհնանքը վաստակած հացի,
Որ սուրբ օջախը չլքեց երբեք–.
Տղերքս դարձան փարթամ, առնացի,
Աշխարհում մնաց ինձանից՝ հայ հետք։
Երգեմ թախիծը կորա՜ծ մի աչքի,
Որ կարծում եմ դեռ երկար ինձ յիշի.
Վերջապէս՝ վէրքը անեզերք կեանքի,
Մինչեւ չեմ դառել՝ խոտ, սէզ ու փոշի ...
20.12.2003
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 04:39 AM PDT
ՈՒ ԾՈՎԵՐԻ ՉԱՓ...
Կարօտիս քողը տւեցի մի կողմ,
Կրկին յայտնւեց ուրիշ առագաստ.
Այդ առագաստն էլ պատռեցի իբր քող,
Կրկին՝ կարօտի ուրիշ ծով անսաստ։
Որքան խմեցի ջրից այդ աղի՝
Ծարաւս այնքան դարձաւ անսահման.
Կրկին դրեցի նուրբ քողը քողին
Ու ծովերի՜ չափ կարօտեցի քեզ,
Քե՛զ, ծով չունեցող
իմ փոքր Հայաստան։
15.12.98
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 04:28 AM PDT
ՍՊԱՌՈՒՄ
Երկիր, ես եկայ կարօտ առնելու,
Իսկ դու՝ լեռներիդ ահեղ ծանրութեամբ,
Խորխորատներիդ անտակ խորութեամբ,
Շանթ-կայծակներիդ խիստ մոլեգնութեամբ
Ու անձրեւներիդ խաղաղ մոգութեամբ,
Մատուռիդ մութով ու մռայլութեամբ,
Մշուշիդ կաթով,
Մովիդ մաքրութեամբ,
Մի՛ մատ մեծութեամբ,
Բայց ամեհութեա՜մբ
Կարօտի հազար պարկ դրիր ուսիս.
Հիմա ինձ ի՛նչ է մնում անելու,
Բացի քեզ նորից խիստ կարօտելով
(Ու դրանով իսկ գէթ սպառելով),-
Կարօտի բեռն այդ ինձնից վանելու...
Երկիր, ես եկայ կարօտ առնելու...
23-24.2.95
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 03:32 AM PDT
ԵՐԳ ՈՒԽՏԱՒՈՐԻ
Ձոհրապ, Վարուժան, Սիամանթօ, Տէր
Կոմիտաս, Խաժակ, Սեւակ, Վռամեան...
Եկել եմ ահա ձեր երկիրը՝ մեր,
Եւ բերել եմ իմ սիրտը հանց մեհեան։
Իմ սիրտը մեհեան, որ վառեմ այնտեղ՝
Յոյսի, հաւատի ջահեր սրբազան,
Ու ձեր կորստեան մորմոքը ահեղ
Դարձնեմ յարութեան շքեղ շարական։
Ես՝ վտարանդի ու աստանդական,
Հազա՜ր խորթութիւն տեսած հայ պոէտ,
Իմ կորուստներով բիւր ու բազմազան,
Հազա՜ր շաւիղով ահա դարձած յետ։
Եկել եմ ձեր սուրբ յուշին լացելու,
Ծնրելու «կանաչ արեւիդ» առջեւ,
Ու ձեր առնական ոգով լեցւելու,
Իբրեւ ուշացած թռչուն արնաթել,
Ու իմ արիւնով կրկին գրելու՝
Յաւիտեան յարգանք յիշատակին ձեր,
Դեռ դատաստանի օրն էլ է գալու,
Ձոհրապ, Վարուժան, Սիամանթօ, Տէր...
Արեւմտեան Հայաստան
5.7.01
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 01:01 AM PDT
ՎԵՀԱՓԱՌԻՆ
Դու քո հայեացքով վէս ու արծւենի,
Դու քո հաւատքով՝ լեռներ Սասունի,
Դու քո հասակով՝ բարդենի պարթեւ,
Տո՛ւր մեր հին ազգին թռիչքի նոր թեւ։
Դու քո կեցւածքով խրո՛խտ ու անբեկ,
Դու քո վեհ հոգով՝ կանթեղ ատրաշէկ,
Դու քո հուր խօսքով՝ մատեան արնաներկ,
Նոր պատգամը տուր որդիներիդ հէգ։
Տե՛ս, կիսւել է ողջ ազգդ տարագիր,
Բազումք թափառուն, Երկրում՝ աներկիր.
Ոգու սով, երաշտ, սեւ սպառնալիք,
Եւ օտարացման հազար մէկ չարիք...։
Հազար մէկ կարիք, ու հազար մէկ բաց,
Լկտի շուրթը՝ կուշտ, ազնիւ աչքը՝ թաց.
Անորոշութիւն, կորուսեալ արեւ,
Իսկ սերունդները՝ հողմավա՜ր տերեւ։
Դու գաւազանդ պարզիր դէպ եթեր,
Առաջնորդիր մեզ մեծ հովւի պէս, տէ՛ր,
Նշի՛ր փրկութեան ուղին մէջ մթան,
Թերթիր այս էջն էլ մեր ողջ պատմութեան։
Եւ մի՛ երկնչիր, Վեհափառ անգին,
Քեզ հետ՝ յոյս, սէրը, հաւատը ազգի,
Քեզ հետ՝ հա՛յ Աստւած, որ դարերից դար,
Մեր արնոտ երթը պահեց՝ անխաթար...
.............................................
Հիմա եկել ես երկիրն այս «պարթեւ»,
Ուր աճել է մեր հոգին անվթար.
Եկել ես՝ շնչի մի հեղ էլ Թադէն,
Որ նորոգւի մեր ուխտը մշտավառ։
Դո՛ւ Շնորհալու, Լուսաւորչի զարմ,
Հոգեւոր հովտում՝ ծառայ մշտազատ,
Մի՛ մոռացիր քո հօտին այս արդար.
Քեզ բարի գալուստ, բարի ճանապարհ...
1997 Թեհրան
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:45 AM PDT
ՄԻՆՉԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ ...
Մինչեւ աշխարհում Արարատ կայ,
Դառնանք մի անգամ էլ հաւատանք գագաթին պերճ
Եւ այն խորին խորհրդին, որ թաքնւած է
նրա յաւերժութեան մէջ։
Մինչեւ աշխարհում արեգակ կայ,
Հաւատանք՝ ճառագայթ կայ,
Ոչ միայն հաւատանք, այլեւ բարձունքն այդ
դարձնենք հաւատամք.
Հիանանք անարատ ճակատով
Եւ ճակատին՝ կատարին փայլատակող հրով անշէջ։
Մինչեւ աշխարհում հաւատ կայ,
Հաւատանք այդ հաւատին՝ անվհատ,
Սիրենք գեղեցիկն ու մեր երազը շողշողուն, անարատ,
Սիրենք առատ,
Եւ թող մեզ չընկճի ոչ մի խարդաւանք եւ արատ։
Մինչեւ աշխարհում արնագոյն վարդ կայ,
Մինչեւ խանդ կայ,
Մինչեւ աշխարհում վատ կայ՝ տմարդ կայ,
Դառնանք չորացնել ցանկանք
նրա ճիրան-ճիւղերն անարմատ,
Ոռոգենք խոհի՝ մտքի արմատը պարարտ
Եւ հաւատանք՝ արարչական հոգու
յաղթանակին հաստատ։
..............................................
... Մինչեւ աշխարհում Վարանդ կայ...
30.10.05
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:38 AM PDT
***ՄՈՄԻ ԿԱԹԻԼԸ
* * *
Մոմի կաթիլը
Ոչ թէ արցունքն է
Իր թախծոտ աչքի,
Այլ խենթ նողկանքն ու
Զզւանքի թո՛ւքն է
Այն թիթեռնիկի,
Որ նուրբ ձեւերով,
Որ սուրբ թեւերով
Շէկ բոցին փարւեց,
Բայց մոմը,
Իբրեւ երախտամոռ կին,
Գրկեց եւ այրեց։
Մոմի կաթիլը
Թէ արցունք լինէր
Հրի, հառաչի՝
Ընկնելու պահին
Այդպէս չէր սառչի...
22.9.92
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:31 AM PDT
ԿԱՐՕՏԻ ԲՈՑ
Մէ՛կ էլ թող վերցնեմ այս գիշեր գաւաթ,
Փակեմ փեղկերն ու լոյսերը դողդոջ.
Թող գաւում խայտայ ալ գինին ակաթ,
Ու կրծքիս խաղան՝ յոյսերս բողբոջ։
Թող ներկայանան սէրերս անցեալ,
Ամէն մէկն իր բոյր-համը բերի.
Թող որ ինձ լքեն, հեռանան դարձեալ,
Շրթերիս թողած՝ աղը համբոյրի...
Թող որ յայտնւեն ցնորքներս հին,
Ու իբրեւ տեսիլք շարժւեն, չքանան.
Թող որ անձրեւեն քող-վարագոյրին,
Աչքիս թողնելով մի թաց ծիածան...։
Թող մի կում խմեմ յոյսերիս համար,
Արիւն եմ դրել յաղթանակներում.
Իսկ կումը միւս՝ խոր վշտերիս դառն,
Կարօտի բոց կայ իմ երակներում...
... Մէ՛կ էլ թող վերցնեմ գաւաթ այս գիշեր,
Ու ասեմ լինէք բոլո՜րդ էլ ողջ,
Թէ՛ փուշ, թէ՛ տատասկ, թէ՛ ցաւ, թէ՛ վշտեր,
Թէ՛ յոյս, թէ՛ ժպիտ, թէ՛ վարդ, թէ՛ բողբոջ...
5.8.02
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:24 AM PDT
ԱՆՅԱՅՏ, ԱՆԱՆՈՒՆ
Անյայտ, անանուն,
Կարօտ իմ անհուն,
Որ մերթ իրիկւայ շողի գոյն ունես.
Քեզ որոնեմ ո՞ր
Վայրերում հեռու,
Քեզ ո՞ւր որոնեմ,
Փողո՞ց, թէ պարտէզ...
Անյայտ, անանուն
Կարօտ իմ անհուն,
Որ յաճախ աշնան օդի բոյր ունես,
Ախ, քեզ որոնեմ
Դեռ քանի՜ աշուն
Եւ ինչպէ՞ս գտնեմ,
Որտե՛ղ վերջապէս։
Իսկ թէ այդ բոյրդ շողոտ է լինում,
Իսկ թէ գոյներդ փոխւում են օդի՝
Կրկնապատկւում է
Թախիծս անհուն,
Եւ դու փոխւում ես
Մի հին ծանօթի...
Եւ դու փոխւում ես մեծ մայրամուտի,
Երբ հեռանում է
Արեւս իսպառ,
Ու ես լսում եմ
Ձայնը անյայտի,
Որ ականջիս մէջ շրշում է մի բառ.
Բառ, որով պիտի
Քեզ անւանէի,
Բառ, որով պիտի
Գտնէիր իմաստ,
Սակայն կորցնում եմ այդ բառն էլի
Եւ քո խորհրդից մնում եմ անմասն...
Անյայտ, անանուն
Կարօտ իմ անհուն,
Դեռ քանի անգամ
Պիտ ինձ այցելես.
Դեռ ինչքան պիտի արիւնես վրաս,
Դեռ ինչքան պիտի
Թօշնես ու ծլես
Ու մնաս, մնաս
Անհաս մի երազ...
Անյայտ, անանուն
Կարօտ իմ անհուն,
Մի օր չեմ լինի
Եւ դու պիտի լաս...
3.9.89
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:17 AM PDT
ՓՍՓՍՈՒՔ
Հեռուների մեղմ կարօտը այնպէս
Շոյում է հոգիս,
Ասես թրթիռ է խոշոր կաթկթող
Շաղերի վրայ.
Վայրկեան իմ մաքուր, զգացում անեղծ,
Դեռ քիչ էլ մնա,
Տես արդէն ինչպէ՜ս թեքւել եմ անդին՝
Վախերիս վրայ...
Պարզ իրիկուն է իջնում իմ դժւար
Տողերի վրայ,
Որոնք ոչ մի հեղ չհասան մաքուր
Սօսափիդ, րոպէ՛.
Եղեւնիների խաւարն է խշշում
Իմ ուղու վրայ,
Դու կանգնիր նրանց կայուն, մնայուն,
Հաստատ բունի պէս...
Աւեր առ աւեր հասել եմ քո նուրբ
Ներդաշնակութեան.
Դու բոյնդ հիւսիր վարսերիս կոտոր
Ճիւղերի վրայ,
Թող ոչ մի խիստ հողմ, բիրտ ու անողորմ
Քեզ վրայ չտայ,
Թող ոչ մի ուրուր չհալածի քո
Ձագին գիշերով։
Ուզում եմ մնաս լռութեան նման
Այս յարատեւող,
Ու քո աստղերից ես՝ հմայողս
Գաղտնիքներ պոկեմ,
Նրանց կայծերից ամենափոքրիկ–
Անզօրը ջոկեմ,
Կախեմ զնդանիս ու չարչարանքիս
Ճաղերի վրայ։
Ես քո շուրջ դարձող
Սլա՛ք եմ հիմա...
12.1.87
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 10, 2010 12:07 AM PDT
ԵՐԱԶ ՈՒ ԴԱՇՈՅՆ
Կարօտում երազ, երազում կարօտ,
Ինչպէ՜ս անջատենք այս երկուսը, Տէ՛ր,
Մէկը մեզ համար բաւական է, որ
Մինչեւ լուսաբաց տւայտենք անտէր։
Մէկը մեզ համար բաւական է, որ
Կեանք-առեղծւածի ոլորտում մնանք,
Քայլենք ողջ գիշեր, որոնենք անդորր
Ու գտնենք միայն կորուստ ու մխանք...
Մէկը մեզ համար՝ սրտի բաց անդունդ,
Մէկը մեզ համար՝ թռիչքի թեւեր.
Որքան անցնում ենք, կտրելով անհուն,
Ձորերն առնում են նորանոր ձեւեր...
Մէկը մեզ համար՝ սրտի բաց գարուն,
Մէկը մեզ համար՝ ոսկեշաղ շողեր,
Մինչ մաքրւում են ցօղերը արիւն
Սկսում են սիրոյ պատերը պաղել...
Երազը՝ հոգու գաւաթ գինով լի,
Կարօտը՝ նշխար այդ գաւաթի մէջ.
Երազն արբեցնող, թէկուզ թոյնով լի,
Կարօտն՝ ովազիս անապատի մէջ...
Երազը՝ միրաժ, կարօտը ուղին,
Երազը՝ աւազ, ծո՜վ կարօտելու.
Երազը՝ շեղ շող՝ կեանքի դաշոյնին,
Կարօտը՝ դաշոյն՝ մութը պատռելու...
Երազը՝ կարօտ, կարօտը՝ երազ,
Ինչպե՛ս չձուլենք սրանք իրար մէջ.
Մէկը մեզ համար պակաս է, նւազ,
Կրելու կեանքի շղթան մինչեւ վե՜րջ...
7.4.93
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 11:29 PM PDT
ԱՂԵՐՍ
Երազ, շոյի՜ր, ինձ շոյիր,
Ես քեզ շատ եմ փաղաքշել,
Աչքս մաքուր շղարշիդ
Արտասւել եմ ողջ գիշեր։
Տես՝ այրւել է դմէքը իմ
Բոցից սիրոյ յուզմունքի.
Իսկ դու դառել ես անդէմ
Քաոսում այս դժոխքի։
Միշտ սնւել եմ քեզանով,
Մանուկ՝ ելել թռիչքի.
Քեզնով ընկել «սիրոյ ծով»
Վարսում քրոջս տիկնիկի...։
Երազ, տես ցուրտ է որքա՛ն,
Մարդիկ տւել են կրքի
Այն ամէնը ինչ որ կար
Աչքի խորքում գառնուկի...
Երազ, տես ցուրտ է որքա՜ն,
Չի՛ տաքանում իմ հոգին,
Կարծեմ ձմեռ է անգամ
Խորքում քո սուրբ երկնքի...
Երազ, շոյի՜ր, արարիչ,
Ես քեզ շատ եմ փաղաքշել.
Մեր տեղն փոխենք եկ մի քիչ,
Թող խաղաղւեմ այս գիշեր...
19.10.92
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 11:10 PM PDT
ԴԻՄԱԿԸ
Անձրեւ է գալիս,
Իսկ ես խենթի պէս յիշում եմ...կրակ.
Աչքիս է գալիս թաց, կարմիր դիմակ.-
Դա աշխա՞րհն է լի,
Թէ՞ կեանքը դատարկ։
Անձրեւ է գալիս,
Իսկ ես յիշում եմ փողոց մի բարակ,
Փողոցի մէջտեղ՝ երկար մի առւակ,
Առւում կուտակւած պղտոր ցեխաջուր.
Տիեզե՞րքն է փակ,
Թէ երազը զուր։
...Կրակ է թափւում,
Ես, խելացո՜ւ պէս յիշում եմ անձրեւ.
Տենչում եմ՝ հրաշք, ներդաշնակ նւագ,
Դա երա՞զ է հուր,
Թէ՞ կեանքը համակ...
- Դիմա՛կ այլանդակ...
31.8.99
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 11:03 PM PDT
ՏԵՆԴ
Հայելու մէջ կիրակի է,
Դու կարող ես քնել երազի մէջ,
Բերանը ճիշտն է խօսում։
Պաուլ Ցելան
Տառապանքի բութ թուրն հուրհրատել,
Գանգիս ձեղունին դառել է գերան.
Դրանից տօթի սարդն է կախել թել
Այն խորշում, որը կոչւում է... բերան։
Ծածկոցի բոսոր ծաղիները թէժ
Հաւաքւել են գէջ քունքերիս վրայ.
Թոյներ են ծորում սեղմ կոպերիս մէջ
Օձ-ցօղունները՝ յօնքերիս վրայ....
... Թելը՝ չիթ, յետոյ տաժանքի վրան,
- Վայրկեանը վշտի իլիկն է մանում,
-Ջուրը կաթ առ կաթ կաթում է վրան,
Բայց բոցը էլի լեզու է հանում...
Ո՜վ մութի հրէշ, քունս չի՜ տանում...
3.9.92
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 10:54 PM PDT
ԼԻՆԵԼ 1
Ամէն ինչ երգով է գալիս ու երգով գնում...
Դոստոեւսկի -IDIOT
Լինել հաստատ, լինել բարի,
Ցաւը տանել այս աշխարհի,
Մինչեւ «աւաղ» էլ չունենալ
Ինքն իր վրայ, կամ օտարի։
Լինել անկոչ՝ ամբողջ կեանքում
Ու աղօթել սրտի վանքում.
Լինել հզօր, ինչպէս դարբին,
Անդորր գտնել լոկ Շւաքում։
Լինել անփոյթ անհունի պէս,
Լինել անթարթ, հանց արեգակ,
Ձայնը լսել քամիների,
Ոնց լսում են քնար, ջութակ...
Զգալ դարի շունչը ահեղ,
Լինել մերթ մուրճ եւ մերթ էլ՝ մեխ.
Վեր բարձրանալ բաղեղի պէս,
Գլորւել վար, ինչպէս հեղեղ...
Կռանել միշտ խոփ ու մետաղ,
Գիժ ծիծաղել, արտասւել պաղ.
Անէանալ։ Վերադառնալ։
Մահն ընդունել որպէս մի խաղ։
5.5.80
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 10:47 PM PDT
ԼԻՆԵԼ 2
………………………………………
... Ձարկւել, ինչպէս կապոյտ շող,
Մարել վանքի գմբեթին.
Արնել՝ սուսեր կայծակող,
Ճեղքել զրահը մութի։
Մաքուր իջնել, ինչպէս ձիւն,
Ծածկել ծիրը գագաթի.
Թէկուզ սառչել նեղ մայթում,
Ժխորի մէջ քաղաքի։
Դառնալ վճիտ, զով ջրվէժ
- Թէկուզ ընկնող ամէն պահ,–
Սակայն լեցւել լճի մէջ՝
Անմահութիւն ապակեայ։
Լինել հարուստ, հանց գիշեր,
Լինել աղքատ,– մոմի պէս,
Բաշխել բախտ ու բիւր աստղեր
Ու աղօթել առանց ծէս...
Կանգնել՝ հաստատ ապառաժ,
Նոյնիսկ եզրին անդունդի.
Հողմահալած, բայց անշարժ,
Որպէս ճակատը բերդի...
Վաղդ մութ է, բանաստեղծ,
Տաղդ՝ գարուն գթով լի.
Չես քամելու ճիշտ կամ կեղծ
Գաւաթներդ անցեալի...
Ապրիր այնպէս, որ լսի
Վաղւայ մարդն էլ անարգել
Մարդու երգդ եւ ասի.
- Լինել այսպէ՛ս ու հանգե՜լ։
9.12.82
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 10:34 PM PDT
ԽՈ՞ՐՔ Թէ՞ ԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ
Մի տեսակ չէ, երկու տեսակ
Թախծութիւն կայ քո հոգում.
Մէկը՝ սուգի սեւ ժամանակ,
Իսկ միւսը... խնջոյքում։
Մի տեսակ չէ, երկու տեսակ
Խնդիր ունես դու կեանքում.
Մէկը՝ երբ որ ճամբադ է փակ,
Միւսն՝ ոտքդ է կապանքում։
Մի տեսակ չէ, երկու տեսակ
Գիծ ես տեսնում հին վանքում.
Դէպի վերե՜լ մէկը-սլա՛ցք,
Միւսն խորանի խորքում։
Մի տեսակ չէ, երկու տեսակ
Դու սէր ունես աշխարհում,
Սիրում է քեզ մէկը յստակ,
Միւսին՝ դու ես սիրում...
Մի տեսակ չէ, երկու տեսակ
Ընթացք ունես անանուն.
Երբեմն չոր-ցամաք առւակ,
Ջուր երբեմն, առանց հուն...
Մի տեսակ չէ, երկու տեսակ...
4.6.84
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 10:24 PM PDT
ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆ
Ամէն ինչ վէրք է դառել
եզերքում այս մառ,
Ցրտերը կոյր կարկառւել
իջել են աշխարհ...
Ո՞ւր են հիմի վաղեմի
երազները իմ.
Նրանք գուցէ անհունի
շողն են մտերիմ։
Սեւ փոշի է սնգուրում
աշխարհը աչքիս,
Ոչ ոք էլ չի գուրգուրում
կորուսեա՜լ կեանքիս...
Տեղ էլ չունեմ, որ գնամ.
մի հով եմ անտեղ.
Խեղճացած սէրն անգամ
էլ մնաց անտէր...
Քար հաւաքեմ ես ի զուր
եւ դնեմ քարի
Մինչեւ գայ վերջն իմ կոյր,
գայ ժպտայ բարի։
Հաւաքեմ ամէնն այն
ինչ աշխարհին մառ
Տւել եմ ու հիմա
հեռանամ անճար...
Գիշերը կեղծ է ու չար,
ու բարակ, բարակ
Անձրեւն անսպառ
ունա՜յն, անճարակ։
9.4.82
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 10:06 PM PDT
ԽԱՒԱ՞ՐԸ՝ ԴԱ ԼՈ՞ՅՍ է
Գիշերը հիմա խորացել է շատ,
Ո՛չ դրսում, այլեւ՝ հոգուս մէջ մուժ է.
Ո՛չ, դեռ տարեց չեմ, է՛հ... երիտասա՞րդ...
Բայց ինչ որ բանի համար էլ ո՜ւշ է։
Այդպէս չհասցրի սիրել անսահմա՜ն,
Չնայած սէրս՝ կեանք է, անոյշ է.
Չհասցրի «սիրոյց դառնալ անձնասպան»,
Եւ դրա համար էլ արդէն ուշ է...
Այդպէս չհասցրի լինել լա՛ւ գրող,
Այլ եղայ՝ կրող, դէ դա էլ ուժ է.
Գրքեր՝ անցեալին, գալիքին՝ լոկ տող,
Ու արդէն ուղիս փոխելը՝ ուշ է։
Այդպէս չհասցրի լինել «կարգին» մարդ,
Անցեալս գալիք, գալիքը՝ յո՜ւշ է.
Թ՜ո՛ղ որ՝ կին ունեմ, զաւակ, հարազատ,
Սակայն ինչ որ բաց լեցնելը ուշ է...
Այդպէ՜ս, բան չարի աշխարհի՜ համար,
Իմ երկրի համար, ու արդէն՝ գիշեր.
Խաւարի դիմաց կռւել եմ յամառ,
Սակայն լոյս վառելն՝ ուրիշ է. ո՜ւշ է...
* * *
Ո՜ւշ է...
... Բայց մի քիչ բանաստե՜ղծ եմ դեռ.
- Իսկ՝ ի՛ սկզբանէ՛ Բանն էր անշէջ,-
Եւ քանի որ դեռ երկնում եմ երգեր՝
Գուցէ՝ սկի՜զբ է... թերեւս՝ ուշ չէ՜...
29-31.12.02
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 09:57 PM PDT
"RAIN-BOW"
Կանաչ այգի էր, կապոյտ աւազան,
Ծառերը յուռթի, ու անթիւ շողեր.
Վայրը կոչւում էր «Պանդոկ ծիածան»,
Ասես հէնց նոր էր օդը խաղաղւել...
Ես էի ու մի բովանդակ աշխարհ,
Լուսնի արծաթ էր, տերեւի ցօղեր.
Միայն նա չկար, միայն նա՛ չկար,
Դրա համար էլ՝ սրտիս տակ՝ դող էր...։
* * *
Հիմա եկել է,– տարինե՜ր յետոյ,-
Ի՞նքն է, ինքը չէ՞... Բայց այսքան ջահէ՞լ.
Նստած եմ հէնց նոյն լուսնեակի ներքոյ,
Բայց՝ մազերիս մէջ արծաթէ թելեր...
Դալուկ այգի է, դատարկ աւազան,
Տերեւաթափ է, կոտորւած ճիւղեր.
Վայրը կոչւում է «Պանդոկ ծիածան»,
Ուզում եմ, հանց գիժ, լացել... ծիծաղել...
23.5.96
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 09:41 PM PDT
ATTIC
(ԲՈՀԵՄԱԿԱՆ)
Սուրճս լինի, ներկս լինի եւ ծխախոտս մի կապ,
Դրսում մշուշ, աշուն լինի եւ կամ անձրեւ մի անկապ.
Կտաւ լինի, վրձին լինի, լինի բոյրդ, լինես դու,
Որ կտաւին կերպար դառնաս, դառնաս սիրոյ տաք երդում։
Թուղթս լինի, գրիչ լինի, լինի մի լաւ ներշնչում.
Դրսում ամառ, գարուն լինի, քիւիս թառած մի թռչուն.
Արեւի հետ սենեակս գաս, կարդամ երգս նոր գրւած,
Դու իմ էջին հրաշք դառնաս, դառնաս կապոյտ մի քերթւած։
Լարեր լինեն՝ գիթառ լինի, թող որ դրսում իջնի ձիւն,
Դու երեւաս, վարսերդ թաց, իբրեւ կարմիր յայտնութիւն.
Գինի ուզես, որը քեզ տամ, քերելով իմ սրտի վէրք,
Դու լարերին նւագ դառնաս, կրակ դառնաս, դառնաս երգ...
Այս բոլորից յետոյ դառնամ ոգի, թեւեմ վերամբա՜րձ
Ու չափսոսամ ո՛չ մի բանի... աշխարհի հէրն անիծած։
22.7.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 09:06 PM PDT
ՔԱՌԵԱԿՆԵՐ
* * *
Սրտիս միջին, կրծքիս միջին միայն հուր է, ով Աստւած,
Կոպիս վրայ, աչքիս միջին արցունք-ջուր է, ով Աստւած,
Ասում են թէ՝ հուրը միայն ջրո՛վ պիտի հանգցնես,-
Այս ջուրը այն հրի վրայ ինչ ի զո՜ւր է, ով Աստւած...
* * *
Աստւած ինքն է Աստւածացել, յետոյ դարձել հեշտ ու բարդ,
Աստւած ինքն է ցօղով թացել, գեղեցկացել, դարձել վարդ.
Յետոյ երբ որ որոշել է՝ վարդը լաւ է քիչ ապրի–
Ինքն իր վրայ բարկացել է ու լացել է, դարձել մա՜րդ։
* * *
Արեան հուրը մարմնիս միջին բոլորակ է, ով Աստւած,
Կուրծքս արեան հրի համար շրջանակ է, ով Աստւած,
Թէ արիւնը յաւէրժական արեգակ է ու գինի՝
Մարմինն, աւաղ, խիստ փշրւող մի բաժակ է, ով Աստւած...
* * *
Որքան կուզես մարմնիս գաւով Դու քո ծարաւը հանգցրու,
Որքան կուզես հոգուս ցաւով Դու քո թախիծը թաքցրու.
Մի օր խառնած մարմին-հոգի կը կանգնեմ Քո ատեանում,
Այն պահ ես իմ վերջին ու Դու առաջին հարցը հարցրու...
* * *
Վարագոյրի միւս կողմում վարագոյր է, իմաստուն,
Բացւած դուռի միւս կողմում մի փակ դուռ է, իմաստուն.
Կոյրերի մօտ հայելի ծախելն զառանցանք է անմեկին՝
Փայլուն հայելու միւս կողմը մութ ու կոյր է, իմաստուն...
* * *
Ողջ կենդանեաց քանակի մէջ, դու մի աստւած ես, ով մարդ,
Իրաւ մարդկանց որակի մէջ, սողունից ցած ես, ով մարդ.
Եթէ խառնենք որակ, քանակ ու քիչ անցնենք դեռ անդին՝
Անդէնական գաղտնիքներում դու առեղծւա՜ծ ես, ով մարդ...։
* * *
Երբ հարց ունես, հարցդ լուծիր, բայց կը մնայ էլի հարց,
Երբ քաղցած ես, հացդ կրծիր, բայց կը մնաս միշտ քաղցած.
Մի մատ կեանքում մինչեւ ուզես դառնալ հասո՜ւն, իմաստո՜ւն՝
Դեռ մանուկ ես, մատդ ծծիր, ոտներդ խփիր, մի քիչ լաց...։
* * *
Նորից կեանքի էջը բարդ է, ուստի քունս չի տանում,
Նորից վաղը փակ թակարդ է, ուստի քունս չի տանում.
Աշխատում եմ հին հեքիաթով փակել գիրքը գիշերիս,
Բայց կեանքն ինքը սին հեքիաթ է, ուստի քունս չի տանում...։
* * *
Ո՜վ Տէր Աստւած, Մեծիդ մասին որքան խորհեմ դեռ քիչ եմ...
Քո զօրութեան, Քո խորութեան որքան նայեմ՝ ոչինչ եմ.
Ուրեմն թող անքնութեան ու քաւութեան այս գիշեր
Բաւարարւեմ իմացածով-չիմացածով քիչ ննջեմ։
3.7.92
* * *
Ճարճատում եմ խոտի պէս ու ելք չեմ գտնում,
Տարածւում եմ բօթի պէս, բայց տուն չեմ մտնում,
Հովիւս դու ես, այո՛, սակայն Հայելու մէջ.
Հեղեղումն եմ հօտի պէս, եզերք չեմ գտնում...
13.5.88
* * *
Եկ գիրկ գրկի, գլուխ գլխի, քիչ արտասւենք, իմ հոգի,
Հին օրերից զրոյց անենք եւ թող հոգին մեր ճաքի՝
Դառնութիւնից սին օրերի եւ հեքիաթից այն անզօր,
Որ պատմում են նրանց, ովքեր ունեն հոգի մանուկի....
18.4.86
* * *
Ճամբէքի փոշին, ճամբէքի փոշին
Նստել է մաքուր արիւնիդ վրայ.
Ոտքդ առել է ճամփեզրի փուշին
Ու արիւնոտել թաւ փոշին նրա...
22.10.91
* * *
Պիտի քո սիրտը այնքան մեծ լինի,
Որ դառնայ քեզ իսկ իր մէջ առնող վարդ.
Իսկ ինքդ դառնաս այդ վարդի միջի
Նեկտարը քամող ե՛ւ մեղու, ե՛ւ մարդ...
28.10.91
* * *
Բացւել դէպի տիեզերքը եւ անհունը եւ Աստւած,
Իրմով լեցնել ամէն պահը եւ աշխարհը եւ մարդկանց.
Կերպափոխւել ամէն ինչի, ես-ն փոխանցել ուրիշ-ի,
Յետոյ յաւե՜րժ Յարդագողում դառնալ մշուշ ու փոշի...
22.12.91
Քեզ էի յիշում, քեզ էի յիշում, քեզ էի յիշում,
Քեզ չյիշելը որոնում էի ալ գինու շիշում,
Որքան ըմպեցի, որքան խմեցի, որ քեզ մոռանամ՝
Այնքան թարմացար ու պայծառացար իմ անճար յուշում։
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 08:57 PM PDT
ԻՆՉՊԵ՞Ս ԵՂԱՒ...
Ի՞նչպէս եղաւ, որ կեանքում
Ձեռքից տւինք մենք իրար,
Դու քո կեանքով ես ապրում,
Ասես ժպտում ինձ վրայ։
Ես ապրում եմ իմ կեանքով
Ու քո ստւերն եմ փնտրում.
Միշտ քայլում ենք լուսանցքով
Ու տեղ չունենք «Կեանք» գրքում։
Քեզ տեսել եմ նկարում,
Այն ժամ երբ թարմ ես եղել,
Իսկ այս վերջին պատկերում
Արդէն հասո՜ւն մի ջահէլ։
Երկու դէպքում էլ,– պատի՛ժ, -
Միշտ ժպտում ես ինձ վրայ.
Ինչպէս եղաւ, խելա՜ռ-գի՛ժ,
Որ չտեսանք մենք իրար...
12.06.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 08:45 PM PDT
ՍԽԱԼԸ
Ու չէր կարող այդքան մեծ սխալ լինել մեր կեանքում,
Ես այս օտար քաղաքում, իսկ դու օտար մի գրկում.
Այդպէս օրը չի բացւում, այդպէս արեւ չի ծագում,
Այդպէս արիւնն է լեցւում-գինու փոխան-գաւաթում։
Այդպէս չարիքն է կարգւում եկեղեցում ու վանքում,
Արեան ծարաւն է նստում սուր, փայլփլող դանակում.
Այդպէս խաչերն են այրւում մշտաբորբոք կրակում,
Այդպէս քորոց են մեխում սեւ մոգութեան տիկնիկում։
Այդպէս նւագն է փոխւում խռխռոցի մի խռպոտ,
Սրտբաց սենեակն է դառնում անլուսամուտ մի նկուղ,
Այդպէս երակն է դառնում ցամաք ու չոր մազանօթ,
Մրգի երանգն է դառնում կնճռապատ մի պտուղ։
Այդպէս սուրճը դառնում է թոյնի սրւակ՝ մոլեխինդ,
Աղօթք-մրմունջը՝ անէծք, բարձրաղաղակ հայհոյեանք,
Այդպէս մունջը դառնում է սադայէլ մի չարախինդ,
Որ մատեանները յոյսի տրորում է ոտքի տակ։
Այդպէս բացատը կապոյտ վերածւում է գորշ դաշտի,
Ծովակների դրախտը՝ սրածումի՝ գոռ մարտի.
Արքաները դառնում են փողոցային ստահակ,
Հրեշտակները պահակ՝ Անհեթեթի կուռքի տակ։
Այդպէս թմբուկ են զարկում ջադուկների հարսանքում,
Այդպէս պատանք են փակում, սուզում խաւար ջրանցքում.
Ես այս օտար քաղաքում, եւ դու օտար մի գրկում,
Օ, չէր կարող այսքան մեծ սխալ լինել մեր կեանքում....
14.06.06.
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 08:32 PM PDT
ՏԵՆՉ
Տառապանքի ու բախտի զարմանալի զուգորդում,
Կրկին գիշեր է խորունկ ու ծղրիդն է յանգերգում.
Ասես կարիճ է ընկել ճառագող իմ գաւաթում,
Կապոյտ ծաղիկ է բացւել սեւին տւող իմ վերքում։
Բախտաւոր եմ՝ քանի կաս այս այսահար քաղաքում,
Ուր ոչ մի գիծ, ոչ մի լոյս նայւածքս չի ամոքում.
Տառապում եմ, քանի որ անձրեւները անհատնում
Ո՛չ մի անգամ միացեալ մեր տանիքը չեն թակում։
Ես մենանում եմ լռին իմ խորտակւած պատշգամբում,
Դու փակ էջեր ես գրում մենութեան քո սենեակում.
Նոյն անձրեւը մինչեւ իմ պատշգամբից հասնի քեզ
Հազար ու մի խաչուղում կարմիր լոյսի է զարկւում.
Իսկ լաւագոյն վիճակում... Դեղին ճրագ է մի պահ,
Որն յանկարծ վախւորած իր կենտ թարթիչն է փակում,
Եւ երազները տաքուկ, եւ երազները փափուկ
Խաւար կարիճ են դառնում եւ ընկղմում բաժակում։
Ճառագայթներ են փայլում սեւին տւող իմ վերքում,
Սոված նայւածքս մթնում քո ստւերներն է փնտրում.
Մշուշի հոտ է գալիս, լուսնին թուխպ է կուտակւում,
Տառապանքի ու բախտի զարմանալի զուգորդում...
20-21.5.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 01:28 PM PDT
ՊՍԱԿԱԴՐՈՒՄ
«Աշխարհս մի փանջարա է...»
Սայեաթ Նովա
Երբ դու աշխարհի դիմաց կանգնում ես մերկ ու հոլանի,
Այդ մեր աշխարհի, որը կոչւում է՝ Անապատ անծայր,
Երբ կանգնում ես դու աշխարհի դիմաց՝ մի պատուհանի,
Որի դէմ միայն ձգւում է մերը՝ Անապատը հայ.
Երբ որ դու այդպէս չես ուզում անսալ եւ ո՛չ մի ձայնի,
Երբ որ դու այդպէս քեզ համարում ես կատարեալ մի կին,
Կին, որ ոչ միայն թերութիւն չունի,
Այլեւ սկիզբն է՝ Ամենայն բանի.
Երբ որ դու այդպէս քեզ համարում ես պատրաստ առագաստ,
Որը կարող է իր մէջ ընդունել հողմերը վայրի,
Երբ որ այդպէս դու քեզ համարում ես ագարակ պատրաստ,
Որը կարող է իր մէջ ընդունել առողջ սերմ այրի.
Այր, որ որդին է վէս աստւածների,
Այր, որ որդին է վեհ գաղտնիքների,
Այր, որ աստւածն է՝ միշտ պարտւածների,
Այր, որ հայեացքն է սէգ մարտիկների–.
Ինձ մնում է լոկ... չոր-ցամաք լինել,
Ինձ մնում է լոկ ... հակառակ լինել,
Ինձ մնում է լոկ... բոցկլտալ այնքան,
Որ քո վարսերին վառ պսակ լինել.
Ինձ մնում է լոկ խիստ անսաստ լինել,
Քո մարմնի դիմաց խիստ հաստատ լինել,
Քեզ մէջ սուզւելու՝ պարտելուդ համար,
Այս աշխարհի չափ Անապատ լինել...
* * *
Օ, մի վրդովիր, սէր իմ գեղանի,
Շատ գեղեցիկ ես՝ մերկ ու հոլանի,
Իսկ խիստ տառապած այրը վերապրած
Թէ՛ փակ դարպաս է, թէ՛ բաց առեղծւած...
24.9.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 01:20 PM PDT
ՆԵՐՇՆՉԱՆՔ
Նորէն մի անկապ անձրեւ է թափւում քաղաքի վրայ,
Այ անտուն անձրեւ, ի՜նչ ես քրթմնջում, հերի՛ք է, լռի՛ր,
Արդէն կորցրել եմ ճշգրիտ հասցէն ու տեսքը նրա,
Իսկ դու ասում ես՝
ներշնչւի՛ր, գրի՛ր։
- Նա այլեւս հիմա
Մէկ անուն չունի եւ ոչ մէկ կերպար,
Նա այլեւս հիմա մէկ հասցէ չունի
եւ ոչ էլ նշան.
Նա հիմա բոյր է,
Նա հիմա թոյր է,
Շուք է անբարբառ.
Նա հիմա լոյս է եւ ուրւական է,
ձիւնի ձայն՝ անձայն։
Նա չունի տարիք,
Իմ տեսած բոլոր երազների պէս,
Նա չունի գալիք,
Քանզի ինքն է՝ անցեալ-ապագան.
Նա կորստի մէջ գիւտ է հրագէս,
Անհունում՝ սահման,
Ստւերում ստւեր, որ անջատում է
Բացակայ ներկան։
Նա վարդ է
Բնորդ գնչուհու այտին
(մանուշակ պատին).
Նա շող է այս ձիգ գիշերւայ վերջում,
ուր դիպաւ վրձին.
Վրձինն այդ դարձաւ
Կախարդական ձող, թալիսման խրթին,
Իսկ հիմա՝ գրիչ՝ բանաստեղծութիւն
խոնաւ այս թղթին։
………………………………………………
………………………………………………
Այ, անտուն անձրեւ, ի՜նչ ես քրթմնջում,
Հերի՛ք է, լռի՛ր։
- Դու միայն սիրիր,
Դու միայն գրիր...
15.2.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 01:13 PM PDT
ԵՐԲ ՈՐ ԿԱՍ...
Հոգիս տանջում է ահուն մի կարօտ,
Որ չունի հասցէ, որ չունի անուն.
Նրա մէջ դողդոջ լոյսեր են շաղոտ,
Նրա մէջ հեռու քաղաքներ դժգոյն...
Որտեղ երեւի չեմ եղել բնաւ
Իմ այս հողեղէն կեանքի ընթացքում,
Սակայն մերթ պայծառ ու յաճախ խոնաւ
Յուշերս նրանց դռներն են ճեղքում։
Մի տեղ, մի սենեակ, ուր ծխել եմ լուռ
Ու Վիւալդիի ջութակն եմ լսել,
Մի տեղ դիմակներ, հայեացքներ թափուր,
Որոնց հետ թախիծ ու վիշտ եմ կիսել։
Մի տեղ դաշնամուր, կապուտակ վարդեր,
Ու բիւր նամակներ՝ լեզւով անծանօթ,
Մի տեղ գինետուն, էժանոց զարդեր,
Սնգուրւած աչքեր, շրթներ վաւաշոտ։
Ու դեռ անձրեւոտ, մութ ու խորթ մայթեր,
Ու դեռ արձաններ, շատրւաններ ցուրտ,
Մշուշոտ խօսքեր, մթագնած այտեր,
Ծաղկաթերթերի դիակներ խախուտ...
Եւ այս բոլորը՝ երբ չկաս, սէր իմ,
Ես՝ կեանքից հեռու, դու՝ օտար ու խորթ.
Չէ՞ որ իմ կեանքն ես աշխարհում այս սին,
Երբ դու կաս չունեմ եւ ոչ մի կարօտ...
22.8.04
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 01:07 PM PDT
ՍԷՐԸ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
«Ժամանակ» չկայ ովկիանում աչքիդ,
Դարերն ոչինչ են վարսիդ ծփանքում.
Անպարագիծ է լուսայգը կրծքիդ,
Մոլորակը ակ՝ օղիդ ցոլանքում...
Երկինքը շալ է, փայլ է ուսերիդ,
Աստղունքը երանգ՝ մատներիդ վրայ.
Ձիւնը լոյսի շերտ՝ սեւ ստւերներիդ,
Հորիզոնը գիծ՝ շրթներիդ վրայ։
Այսպէս անսահմա՜ն, անպարփակելի՜,
Երբ գրկում եմ քեզ, շնչում, համբուրում,
Նո՛ր եմ հասկանում ինչից է, էլի՛,
Որ զգում եմ տաք... յաւիտենութիւն։
6.7.99
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:57 PM PDT
ԿԱՆԱՉ ԱՇՈՒՆ
Նայիր՝ նայում եմ
Քեզ իմ ճերմակող յօնքերի միջից.
Լսիր՝ ասում եմ
Քեզ հրաշք բառեր,
Արդէն ճերմակող մօրուքով պատւած
Շրթերիս չասա՜ծ խօսքերի միջից.
Կարդա, գրում եմ
Քեզ համար երգեր
Երբեմն դողացող այս քերթող աջով–.
Զի հմայքը քո
Անցնում է ճերմակ մազերիս միջով,
Գլխիս աշունը լեցնում կանաչով։
12.2.96
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:49 PM PDT
* * *
Ասացի չէ՞ աշուն կը գայ,
Ու կանձրեւի՜, կանձրեւի՜,
Ու երկինքը ոչինչ չի տայ,
Դեռ կը խլի արեւին...
Կը խլի «լաւ ժամանակներ»,
«Եղանակներ հաճելի»,
Դրա փոխան անհամ յանգեր՝
Խփւող կաթիլ-ջրերի։
Ասացի, չէ՞ մէգ-մուժ կը գայ,
Յուշի ուժը կը տուժի,
Ու աչերիդ նուշի վրայ
Շողը կը փոխւի մշուշի...
Ասացի, չէ՞ էլ ո՜ւշ կը գայ
Նոր պտուղը գարունի,
Մինչ այդ սիրտս է՛լ ճաք կը տայ,
Ու կարիւնի՜, կարիւնի՜...
5.11.97
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:45 PM PDT
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎՃԻՌ
Այսպէս է ոգել
Իմաստունը մեծ խօսքն իր ամեհի,
Այսպէ՛ս մրրկել
Կեանքի ու մահւան ահեղ սահմանին՝
«Հասնելու համար
խորքը մեծ սիրոյ՝ հուրն յաւիտենի,
Թոյլ կը տամ միայն,
թոյլ կը տամ միայն... սէրն ինձ սպանի...»։
3.12.97
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:35 PM PDT
ՀԱՍՏԱՏՈՒՄ
Ո՛չ նահանջել եմ, ո՛չ առաջացել,
Ո՛չ սրտնեղւած եմ, ո՛չ էլ յուսավառ.
Սէ՜ր իմ, սէ՜ր, ասա՛, միայն ասա՛, թէ՝
Ինչպէ՜ս պիտ թողնեմ այսքան փթթած վարդ։
Ո՜նց թողնեմ այսքան պուրակ ու այգի,
Ո՜նց թողնեմ այսքան շատրւան, կածան.
Վայրեր, ուր եղանք, անցանք կողք-կողքի,
Վայրեր, որ մեզ են սպասում դեռ անձայն։
Վարդերն համարեմ լոկ շիրմապսա՞կ,
Շատրւանները՝ դողդոջ մահարձա՞ն.
Թէ՞ կածանները՝ հանդիպման պուրակ,
Քարը՝ թո՞ւմբ, թէ՞ նոր սիրոյ նստարան...
Սէր, սիրո՞վ շաղւեմ, դեռ շշնջամ նո՞ր,
Թէ՞ սիրտդ թաղեմ յուշերիս կողքին.
Դու իմ մարմնեղէն տեսիլք լուսաւոր,
Դու աննիւթեղէն իմ հոգու հոգին...
.................................................
.................................................
Ո՛չ նահանջել եմ, ո՛չ առաջացել,
Ո՛չ սրտնեղւած եմ, ո՛չ էլ յուսավառ.
Այսքան «թաղելուց» մի քիչ ծերացել,
Այսքան «շաղւելուց» դարձել եմ պայծառ...
25.8.98
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:21 PM PDT
ՏԱՐԵՐԱՅԻՆ
Որոշել էի էլ բան չգրել,
Որոշել էի ուրանալ քեզ պէս,
Սակայն գիշերւայ կաշին հաստաբեստ
Պատռւում է հանց
Մատաղւած գոմէշ,
Եւ իմ ցանկութեան առուն փրփրադէզ՝
Կարմիրը հրկէզ,
Ողողում է այս պահը մխանքի,
Ու յիշում եմ քե՜զ...
Որոշել էի պապանձւել, լռել,
Որոշել էի չանել քէն ու վէճ,
Սակայն քո ճամբի
Ծառերը դողդոջ
Արմատ են նետում իմ ոտքերի մէջ,
Սակայն քո ճամբի
Շենքերն ամբողջ
Ճրագ են վառում իմ մտքերի մէջ,
Սակայն քո ճամբի
Սարերը ամէն
Յառաջանում են իմ ուսերի մէջ,
Սակայն քո ճամբի
Ճամբաները ողջ
Զարկերակւում են իմ մսերի մէջ,
Եւ ես վառւում եմ հանց հրդեհ անշէջ,
Հնոց բոցակէզ
Ու կարօտում քե՜զ...
Որոշել էի ըմբռնել, ներե՛լ,
Որոշել էի մոռանալ՝ քեզ պէս,
Սակայն մոռանա՞լ,
- Ախ, ինչպէ՞ս, ինչպէ՞ս,–
Պահն այն, որ դու
Սարսռում էիր բազուկներիս մէջ,
Պահն այն երբ դու
Հուր էիր դառնում,
Բոյր՝ ռունգերիս մէջ,
Իսկ ստինքնե՜րդ
Բռունցքներիս մէջ
Թփրտում էին, գտած ելեւէջ,
Իբրեւ թիթեռներ, որ մութից յետոյ
արձակւել են վառ ծաղկունքների մէջ...
Որոշել էի համոզւել, զատւե՛լ,
Որոշել էի փակել ոխ ու վէճ,
Սակայն հանց նուռը
Լոյս սփռոցի մէջ՝
Պայթել է սիրտս,
Ու արիւնս թէժ
Կաթում է կաթ-կաթ
Այս գիշերային սեւ քաոսի մէջ...
- Հէյ, ո՞ւր ես, երա՛զ,
Իմ հոգու դու մաս,
Ո՞ւր, ազնւութիւն իմ համեստ ու հեզ,
Ո՞ւր ես, որ պայթես,
Որ շանթարձակես,
Որ շղթայ բացես
Զնդանում այս մեծ...
Որոշել էի մարել, բայց հիմա
Հրաբուխի պէս
Մոլեգնում եմ ես
Ու տենչում եմ քե՛զ...
10-12.11.05
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 12:00 PM PDT
ՃԱԿԱՏԱԳԻՐ
... Այդ արձակուրդին չհանդիպեցինք,
Ինչպէ՜ս չտեսանք «Սիթէում» իրար,
Եւ այնուհետեւ շաբաթավերջի
Բոլոր ժամերը, օրերը մթար
Սին-ունայնութեան դիմակ դրեցին,
Ագռաւների պէս թխսեցին մռայլ։
Այդպէս փախչում է
Շողը հայելուց,
Մի վայրկեան փայլում
Եւ ապա առանց դէմք ցուցանելու
Շտապում է հեռուն,
Լուռ ծւարելու ինչ որ լուսանցքի
պղտոր անկիւնում.
Այսպէս թեւում է
Բոյրը գաւաթից՝
Սրճից հեռանում,
Ու միանում է
Աներեւոյթ մեր երազանքների
ամպին անանուն.
Այդպէս ելնում է
Շողը թարթիչից,
Շողանքը լճից,
Խոհը ճակատից,
Ժպիտը շրթից,
Թէժ ներշնչանքը՝ հանճարեղ սրտից,
Յետագայ բոլոր աֆորիզմները
Պարպելով մտքից
Ու երկունքները փոխելով՝ ստի՛։
Այդ արձակուրդին չհանդիպեցինք.
Ես մեկնել էի«կարեւոր գործի»,
Իսկ դու հեզասա՜հ...
Բայց նա՛եւ անսազ եւ անհամբերդ,
Արագ բռնեցիր
Ուղին տունդարձի,
Շտապ հեռացար քաղաքից Լոյսի.
Ես տեսայ
Միայն լուսանկարդ՝
Մերկ ու հոլանի, գունեղ, գեղանի՝
Եզերքին կապոյտ
Ու խաղաղ ջրի։
Ո՜վ կը հաւատայ,
Արդէն անցել է քսանեւեօթ տարի,
O, խաղը նայիր սեւ ճակատագրի՝
Կրկին ու կրկին
Չհանդիպեցինք այս արձակուրդին,
Ինչպէ՜ս չտեսանք այս երկրում իրար,
Եւ այսուհետեւ շաբաթավերջի
Բոլոր ժամերը, օրերը մռայլ
Սին-ունայնութեան դիմակ կը դնեն,
Ագռաւների պէս կը թխսեն մթար։
O՜, խաղին նայիր ճակատագրի չար,
Այս անգամին էլ լուսանկարդ տեսայ, անարդա՛ր,
Եւ ի՜նչ տառապանք,
Նոյն քո ժպիտն ու նայւածքդ պայծառ,
Նոյն շքեղանքն ու առինքնումդ վառ,
Նոյն հասակը ձիգ ու կուրծքը փարթամ,
Նոյն կախարդանքն ու երազանքը թարմ,
Ամէն ինչ նոյնը՝
Եփւա՛ծ առաւել,
Ինչպէս բոժոժը,
Որ բարգաւաճել,
Դարձել է ազնիւ մետաքսի նուրբ թել։
Անսազ հայեացքս փախչում հայելուց,
Գնում, թաղւում է գաւաթի փայլում.
Թեւում է մի խոհ
Ճակտիս թարթիչից,
Հառաչս՝ վշտից,
Շառաչս՝ շրթից,
Բայց ներշնչանքը
Բազմում է սրտիս,
Գրիչը՝ թղթիս,
Ու աւաղում եմ.
- Չհանդիպեցի՜նք... Չհանդիպեցի՜նք...
Ե՞րբ ես բախելու դռները բախտիս...
10.6.06
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 11:04 AM PDT
ՏՈՂԵՐ... ԱՌԱՆՑ ՔԵԶ...
Քաղաքը շնչում էր
Կարմիր, ճերմակ, փերուզ...
Մայթերը ողորկ,
Հրաշալիօրէն խաղաղ,
մաքուր,
դանդաղ շնչառութեամբ
Օգնում էին
Քաղաքի
աշտարակների
Զարկերակը համաչափելու՝
Արթնացող օրւայ թարմութեան հեւքին
Չկայացած, երբ առաւօտեան դէմքը
Վճիտ, իր վրայ կրում էր դեռ
Լուսաբացից առաջւայ
Բոյսերի ու ծաղիկների՝ մարգագետինների
ցօղը աներեւոյթ,
Կամ՝ միջգիշերային քրքիջ–
աղաղակ–
լացերի
վերջին ծւէնները
անհետացած...
Մարգագետին,
«Սեն Մարգարիտա»,
մեր փողոցը խաղաղ,
Որ կուլտուրականօրէն
Սիրահետում էր
Մօտակայ համաշխարհային մեծ թանգարանի
Բուրգերի վերյառնումը՝ Եգիպտոսից,
Մեհեանի կոթողումը՝ Յաւերժական քաղաքից,
Այծեամի, առիւծի ծառացումը Միջագետքից,
Անահիտ դիցուհու արթնացումը Ուրարտուից.
Եւ՝ քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր,
Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր...
* * *
Քաղաքը շնչում-շշնջում էր
Կարմիր, ճերմակ
Պահեր.
Ասես եօթ ժամ առաջ...
Չէր եղել հրի, հրավառութեան գիշեր,
Հրապարակի
Մերկ անկիւնի
Հիւրանոց-ամրոցը
Իր Կոմս Դրակուլլայի սեւ թիկնոցը ուսերին,
Իբրեւ սարսուռ ազդող
խորհրդաւոր ուրւական
Չէր խոյացել երկինքն ի վեր,
Չէին եղել
Սառած
ձեռքի՛, աչքի՛,
կրքի՛, վազքի՛
կրակէ օղակներ.
Չինական թաղամասում ասես
Խճողում չէր եղել,
Ու չէր պեղել-պատռել
Թոմ Ջոնզը
Տարիների վարագոյրի շերտերն անարգել,
Չէր եղել լոյսերի
Ել անկոյսերի հեղեղ...
Հիմա «Սեն-Մարգարիտա» պողոտան
Այնպէս էր անմեղ,
Որ ասես՝
Մէկ-երկու՝
Չես հասնի
Չինական մեծ վիշապի երախը՝
Ստորգետնեայ գնացքների որովայնը
անհաւատալիօրէն ահեղ,
Որ քեզ հայոց եկեղեցի հասցնելու տեղ,
Հանում է մի տեղ, որ ինչքան կուզես՝
Դեղ,
Դեղատուն,...
քիչ այն կողմ՝
Օրգանական վաճառատուն,
Ագարակ, գի՜ւղ, գի՜ւղ, գի՜ւղ.
Անարատ ապուր,
Պղպեղ, մանանեխ,
Եւ՝ դեղին, կապոյտ, կանաչ
ի՛ւղ, ի՛ւղ, ի՛ւղ...
Ապա,
Ակնոց եմ որոնում
Ապագայիս համար.
Սեւն ասում է.
«Վերադարձին»,
Իսկ վերադարձին
Պարզւում է՝
Ներւել է սխալն իմ չնչին.
Սկիզբ,
Եւ լաւ է ամէն բան,
Ամէն ինչ
Հասել է իր տեղ։
Դեղ... դեղ... դեղ...
Դեղին քաղաքը շնչում էր
Կարմիր,
Ճերմակ։
Հայկական եկեղեցի հասնելու տեղ՝
Օրգանական գիւղ,
Կապոյտ, դեղին, կանաչ իւղ,
Ու զառամեալ մարդ,
Որ բացել է շապիկն իր
Կնոջ անգեղ,
Եւ ի՜նչ յուռթի կուրծք,
Ասես նոր է ջնարակւել,
առել ջրդեղ։
Ամէն ինչ վերադարձել է իր տեղ,
Միայն ես եմ,
Որ թողնելով իմ բնակավայրը նեղ,
Ուզում եմ վերադառնալ
Իմ տուն ու տեղ,
Սակայն գնած արդէն
Ակնոցը,
Ապագայիս համար։
Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,...
Քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր.
Իմ սէ՜ր,
Իմ սէ՜ր,
Իմ սէ՜ր...
* * *
Քաղաքը շնչում էր
Կարմիր,
Ճերմակ պահեր...
Թէ գիտենայի՝
Քեզ կորցնելուց յետոյ
այսքան տարի
Ապրում ես՝ այնտեղ.
Չէի սպասի
Արթնացող օրւայ թարմութեան հեւքին,
Միջգիշերային քրքիջ-
աղաղակ–
լացերի
ծւէնները պատռած,
Շրջանցելով համաշխարհային մեծ թանգարանի
Բուրգերի վերյառնումը՝ անապատից,
Մեհեանի կոթողումը՝ Յաւերժական քաղաքից,
Այծեամի, առիւծի ծագումը Միջագետքից,
Անահիտ աստւածուհու արթնացումը Ուրարտուից
Ու արհամարհելով՝ դարե՛ր, դարե՛ր, դարե՛ր,
Ոտնահարելով՝ քարե՛ր, քարե՛ր, քարե՛ր,
Կը գտնէի քեզ, իմ սէ՜ր...
Եւ քաղաքը՝
բուրգը՝
Կը ժայթքէր
Կարմիր,
լաջւարդ ջահեր,
Կը լինէր ոչ թէ հրավառութիւն,
Այլ՝ հրդեհներ ահեղ,
Եւ Կոմս Դրակուլլան,
Օգտւելով այդ ընդհանո՜ւր,
համաշխարհայի՜ն իրարանցումից՝
Վար կը նետւէր
Հրապարակի
Մէկ անկիւնի
ամրոց-հիւրանոցի
Տանիքից տգեղ,
Կանցնէր հրապարակ,
Սառած
ձեռքի, աչքի,
կրքի, վազքի
կրակէ օղակները
Կը կոտրէր,
Կը կտրէր,
Չինական թաղամասը կը կողոպտւէր,
Կորոտային միաձայն եւ հրացայտ
Մոտոցիկլետների շարժիչ-վահանները սեւ՝
Դիմագրաւելու
Ժայթքող հրաբխի
Նիզակներին
Պատերազմի մէջ շքեղ։
Կոմսը կորոնէր կոյսեր,
Որ իր սեւ թիկնոցի տակ
Խմէր նրանց արիւնը տաք
Ու կապոյտ մշուշը՝ մաշկի ջահէլ։
Չինական թաղամասը
Ահազանգ կը հնչեցնէր,
Գանգատ կը հասցներ
Ստորգետնեայ գնացքների
Հսկայազօր վիշապին անհաւատալիօրէն
ահեղ,
Եւ Հրաբուխն ու Հրէշը
կը մտնէին ահաւոր մարտի մէջ անմարդավայել։
Մարդակեր, մարդագել «Կոմսը»
Կը թափառէր ամէն տեղ,
Կը մտնէր դեղատուն,
Կը խմէր՝ խաչի, արծաթի, միւռոնի
ու մետաղի դէմ
Բաղադրւած՝ բժժանք-դեղ,
Չէր տեսնւի հայելի-ապակուն,
Բայց վարսերին կը քսեր բրիլիանտին՝
ի՛ւղ, ի՛ւղ...
Ապա քաղաքամայրը
սեպելով լեռնային գիւղ՝
Կը գտնէր տանիք,
Աշտարակի նկուղ
Ու հրաբխի
Ստւար ծուխի,
Մուր-ածուխի
Քուլաների ետեւ թաքնւած լուսնին կոռնար.
- Ո՜ւ... ո՜ւ... ո՜ւ...
Իսկ մենք, սէր իմ,
մղձաւանջում,
Ապոկալիպսեան
քաոսում այս ահարկու
Վերջապէս կը գտնէինք ու կը մտնէինք
Փոքրիկ, բայց ջերմ ու կոկիկ
Եկեղեցին հայոց՝
Փրկւելու
Սեւ թիկնոցով քահանայի
Արծաթէ խաչի ներքոյ,
ըմպելով գինին արնագոյն։
.................................................
.................................................
... Դրսում մեզ կը շնորհաւորէին
Զառամեալ այրը,
Ջնարակւած կողակիցն իր
Եւ կոյսերը,
Թոմ Ջոնզի երգեցողութեան ներքոյ
հուժկու.
Ապա
Կը դադարէր հեղեղը ահարկու,
Կը սառէր հրահեղուկը՝ լաւան
իբրեւ սառցաձիւն,
Կոմսի ժանիքներից ծորած արեան
Կաթիլները յատակին
Կը փոխւէին
Պսպղուն, սրսռուն մանուշակի՝
Մանրիկ ծաղկի բազում,
Կը սահէր սիւք մի սպիտակ,
Զեփիւռ մի՝ սարսռացնող զով,
Կը հնչէր դայլայլ,
Ու շուրջը կը դառնար՝
Խաղաղութեան
կապո՜յտ, դեղի՜ն, կանա՜չ ծո՛վ...
...........................................................................
...........................................................................
Անապատի բուրգերից մինչ մեհեանը
Յաւերժական քաղաքի,
Միջագետքի բագինից մինչ
Անահիտի դիմակը ուրարտական՝
Քարե՜ր, քարե՜ր, քարե՜ր,
Դարե՜ր, դարե՜ր, դարե՜ր,
Գրե՜ր, գրե՜ր, գրե՜ր...
Իսկ սա գիր է՝
Ճակատագրի թրով դառած կէս,
Սրանք տողեր են՝
Ժամանակի հրով դառած կէզ,
Սրանք այրւել են հառաչանքների
հնոցների բոցերում,
Աւաղանքների խոցերում,
Սրանք բեկուն, փխրուն են,
սրանք բաբախուն են, հեզ,
Եւ վերջապէս՝ սրանք ձնծաղկի ցօղեր են,
Սրանք տողեր են... Առանց քեզ...
2006, Նաւասարդ
ԴԻՄԱԿ ԵՒ ՀԱՅԵԼԻ (2007)
Mask And Mirror
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 09, 2010 09:13 AM PDT
July 09, 2010 09:04 AM PDT
July 09, 2010 08:59 AM PDT
July 09, 2010 08:38 AM PDT
July 09, 2010 08:28 AM PDT
July 09, 2010 08:02 AM PDT
July 09, 2010 07:55 AM PDT
July 09, 2010 07:49 AM PDT
July 09, 2010 07:22 AM PDT
July 09, 2010 07:16 AM PDT
July 09, 2010 07:00 AM PDT
July 09, 2010 06:54 AM PDT
July 09, 2010 06:42 AM PDT
July 09, 2010 06:33 AM PDT
July 09, 2010 06:12 AM PDT
July 09, 2010 06:02 AM PDT
July 09, 2010 05:49 AM PDT
July 09, 2010 05:28 AM PDT
July 09, 2010 04:29 AM PDT
July 09, 2010 04:21 AM PDT
July 09, 2010 02:30 AM PDT
July 09, 2010 02:18 AM PDT
July 08, 2010 11:29 PM PDT
July 08, 2010 11:18 PM PDT
July 08, 2010 11:09 PM PDT
July 08, 2010 11:04 PM PDT
July 08, 2010 10:13 PM PDT
July 08, 2010 10:05 PM PDT
July 08, 2010 09:45 PM PDT
July 08, 2010 09:32 PM PDT
July 08, 2010 04:10 PM PDT
July 08, 2010 04:03 PM PDT
July 08, 2010 03:51 PM PDT
July 08, 2010 03:41 PM PDT
July 08, 2010 03:31 PM PDT
July 08, 2010 10:47 AM PDT
July 08, 2010 10:38 AM PDT
July 08, 2010 10:33 AM PDT
July 08, 2010 10:24 AM PDT
July 08, 2010 09:50 AM PDT
July 08, 2010 09:46 AM PDT
July 08, 2010 09:38 AM PDT
July 08, 2010 09:30 AM PDT
July 08, 2010 09:02 AM PDT
July 08, 2010 08:33 AM PDT
July 08, 2010 08:02 AM PDT
July 08, 2010 07:55 AM PDT
July 08, 2010 07:48 AM PDT
July 08, 2010 07:34 AM PDT
July 08, 2010 07:10 AM PDT
July 08, 2010 07:03 AM PDT
July 08, 2010 06:45 AM PDT
July 08, 2010 06:40 AM PDT
July 08, 2010 06:15 AM PDT
July 08, 2010 06:05 AM PDT
July 08, 2010 05:58 AM PDT
July 08, 2010 04:35 AM PDT
July 08, 2010 04:29 AM PDT
July 08, 2010 04:24 AM PDT
July 08, 2010 03:23 AM PDT
July 08, 2010 03:19 AM PDT
July 08, 2010 03:14 AM PDT
July 08, 2010 03:10 AM PDT
July 08, 2010 02:59 AM PDT
July 08, 2010 02:46 AM PDT
July 08, 2010 02:42 AM PDT
July 08, 2010 02:38 AM PDT
July 08, 2010 02:10 AM PDT
July 08, 2010 01:42 AM PDT
July 08, 2010 01:35 AM PDT
July 08, 2010 01:22 AM PDT
July 08, 2010 01:11 AM PDT
July 08, 2010 01:03 AM PDT
July 08, 2010 12:55 AM PDT
July 08, 2010 12:49 AM PDT
July 08, 2010 12:42 AM PDT
July 08, 2010 12:15 AM PDT
July 07, 2010 11:57 PM PDT
July 07, 2010 11:29 PM PDT
July 07, 2010 11:12 PM PDT
July 07, 2010 10:17 PM PDT
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ (1999)
Leave of No Return
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
July 03, 2010 10:44 AM PDT
July 03, 2010 10:36 AM PDT
July 03, 2010 10:26 AM PDT
July 03, 2010 10:15 AM PDT
July 03, 2010 10:08 AM PDT
July 03, 2010 10:02 AM PDT
July 03, 2010 09:49 AM PDT
July 03, 2010 09:24 AM PDT
July 03, 2010 08:06 AM PDT
July 03, 2010 07:48 AM PDT
July 03, 2010 07:36 AM PDT
July 03, 2010 07:24 AM PDT
July 03, 2010 07:18 AM PDT
July 03, 2010 07:13 AM PDT
July 03, 2010 06:23 AM PDT
July 03, 2010 06:04 AM PDT
July 03, 2010 05:49 AM PDT
July 03, 2010 05:32 AM PDT
July 03, 2010 05:24 AM PDT
July 03, 2010 05:09 AM PDT
July 03, 2010 04:58 AM PDT
July 03, 2010 03:27 AM PDT
July 03, 2010 03:19 AM PDT
July 03, 2010 03:05 AM PDT
July 03, 2010 02:58 AM PDT
July 03, 2010 02:49 AM PDT
July 03, 2010 02:42 AM PDT
July 03, 2010 02:34 AM PDT
July 03, 2010 02:20 AM PDT
July 03, 2010 02:08 AM PDT
July 03, 2010 12:54 AM PDT
July 03, 2010 12:34 AM PDT
July 03, 2010 12:27 AM PDT
July 03, 2010 12:18 AM PDT
July 02, 2010 11:51 PM PDT
July 02, 2010 11:47 PM PDT
July 02, 2010 10:50 PM PDT
July 02, 2010 10:38 PM PDT
July 02, 2010 10:26 PM PDT
July 02, 2010 10:20 PM PDT
July 02, 2010 09:57 PM PDT
July 02, 2010 09:50 PM PDT
July 02, 2010 09:46 PM PDT
July 02, 2010 05:57 PM PDT
July 02, 2010 05:12 PM PDT
July 02, 2010 04:57 PM PDT
July 02, 2010 02:38 PM PDT
July 02, 2010 02:27 PM PDT
July 02, 2010 02:21 PM PDT
July 02, 2010 02:12 PM PDT
July 02, 2010 01:19 PM PDT
July 02, 2010 01:11 PM PDT
July 02, 2010 01:03 PM PDT
July 02, 2010 12:58 PM PDT
July 02, 2010 12:43 PM PDT
July 02, 2010 12:28 PM PDT
July 02, 2010 12:17 PM PDT
July 02, 2010 12:09 PM PDT
July 02, 2010 11:59 AM PDT
July 02, 2010 11:30 AM PDT
July 02, 2010 11:18 AM PDT
July 02, 2010 11:00 AM PDT
July 02, 2010 10:06 AM PDT
ԿՐԿՆԵՐԵՒՈՅԹ (1998)
Mirage
Poetry By Varand
Poem Reading By Aida Asaturyan
|